26/04/2013 15:25
Սեդրակ Զատիկյանի սպանության գործով խոշտանգումների մասով քրգործ չի հարուցվի
Նախապատրաստված նյութերով մերժվել է քրեական գործի հարուցումը՝ Երևանի Մալաթիայի նախկին թաղապետի որդու՝ Սեդրակ Զատիկյանի, սպանության և դրա պատվերը տալու մասով գործերի նախաքննության ընթացքում խոշտանգումների կիրառման վերաբերյալ հայտարարությունների հիման վրա:
Ինչպես «Փաստինֆո» գործակալության թղթակցին այսօր հայտնել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ հանցագործությունների դեպքի բացակայության հիմքով:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, հաղորդում էր ներկայացրել ՀՀ ՀՔԾ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից վկաներ Ահարոն Հակոբյանին, Արամայիս Սեդրակյանին և բուն սպանության գործով դատապարտյալ Արթուր Հովհաննիսյանին գործերի նախաքննության ընթացքում ծեծի ենթարկելու ու խոշտանգելու, նրանց նկատմամբ սպառնալիքներ ու ճնշումներ գործադրելու, ոստիկանության բաժնում ապօրինի պահելու, ինչպես նաև վերջիններիս իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալուն հարկադրելու վերաբերյալ նրանց հայտարարությունների իսկությունը ստուգելու համար: