01/05/2013 09:19
ՀԱԿ-ից հեռացած կուսակցություններն այսօր քաղխորհրդի նիստ են հրավիրել
«Հայ ազգային կոնգրես դաշինքի անդամ կուսակցություններն այսօր քաղխորհրդի նիստ են հրավիրել, որին մասնակցելու են դաշինքը նորոգելու ծրագրեր մշակող 5 կուսակցությունների ներկայացուցիչները` «Ժողովրդավարական հայրենիքը», «Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդը», «Ժողովրդավարական ուղին», Հայաստանի կանաչների կուսակցությունը և «Մարդու իրավունքներ-96»-ը: Նիստը տեղի կունենա ԺՈւԿ գրասենյակում, ժամը 13:00-ին: Քաղխորհրդի մասնակիցները նախորդ նիստից հետո կոչ էին արել ՀԱԿ-ից հեռացած կամ վերջինի հետ հարաբերությունները սառեցրած կուսակցություններին` հետ վերադառնալ և պայքարել ՀԱԿ հայտարարած նպատակի` երկրում սահմանադրական կարգի հաստատման և ռեժիմի կազմաքանդման համար:
Երեկ «Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդի» ղեկավար Սոս Գիմիշյանը «Հրապարակի» լրագրողին տեղեկացրել է, որ բանակցություններ են ընթանում Ստեփան Դեմիրճյանի, Արամ Սարգսյանի և այլոց հետ, ու բոլորը դրական են արձագանքել իրենց նախաձեռնությանը, թեև Արամ Սարգսյանը դեռ չի շտապում որոշում կայացնել: Ստեփան Դեմիրճյանի կուսակցությունը, ըստ Գիմիշյանի, ևս չի պատրաստվում լքել ՀԱԿ-ը, իսկ թե քաղխորհրդի նիստերին ինչու չի մասնակցում, ասել է. «Երևի սպասում են, թե գործընթացներն ինչպես կընթանան, դա իմ կարծիքն է»: