02/05/2013 16:47
Ոստիկանության «Թեժ գիծ» ստացվել է 25 հաղորդում
Երևան քաղաքի ընտրողների ցուցակների վերաբերյալ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում 2013 թվականի մարտի 26-ից գործող «Թեժ գիծ» ծառայության միջոցով մայիսի 2-ի դրությամբ ստացվել է 25 հաղորդում, որից միայն 3-ն են վերաբերել ընտրացուցակներում առկա անշճտություններին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մասնավորապես.
1. Ընտրացուցակում անձի անհատական տվյալների բացակայության վերաբերյալ ստացվել է 1 հաղորդում: Ստուգմամբ անճշտությունը հաստատվել է, այնուհետև` վերացվել:
2. Քաղաքացի Ռոբերտ Ավետիսյանը տեղեկացրել է, որ իր եղբայրը` Սամվել Ավետիսյանը, մահացել է 1999 թ.-ին, սակայն վերջինիս անհատական տվյալներն առկա են ընտրողների ցուցակում: Ստուգմամբ պարզվել է, որ Ս. Ավետիսյանի մահվան փաստի մասին նշում է արվել բնակարանային քարտում, սակայն բնակչության պետական ռեգիստրից չի հանվել: Անճշտությունը վերացվել է:
3. Քաղաքացի Սիրանուշ Հարությունյանը հայտնել է, որ իր իրական հասցեն ք. Երևան Ավանեսովի փակուղի շենք 3 բն. 42 է, սակայն ընտրացուցակում նշված է բն 2: Ստուգմամբ անճշտությունը հաստատվել է, այնուհետև` վերացվել:
Մյուս 22 հաղորդումները վերաբերել են բնակելի տարածության նախկին սեփականատերերին հաշվառումից հանելու կարգին, հաշվառումից հանելու դիմումների քննության ընթացքին, ընտրացուցակներում սեփական տվյալները չհայտնաբերելու դեպքերին:
Զանգահարած քաղաքացիներին տրվել են սպառիչ պարզաբանումներ: