02/05/2013 13:48
Վ. Խաչատրյանը ոստիկաններին. Հատուկ ուշադրություն դաձրեք Մալաթիա-Սեբաստիային
Մեր կուսակցության հիմնական նպատակն էր ընտրողին հասցնել այն, որ Երևանի ընտրությունները քաղաքական են: Մեզ դա հաջողվեց: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ավագանու ընտրություններում ՀԱԿ ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը.
«Շնորհակալ եմ լրագրողներից, քանի որ ձեր միջոցով մեր ասելիքը հասցրինք ընտրողին: Քարոզարշավը դժվար սկսեցինք, որովհետև սկզբում զբաղված էինք ՀԱԿ համագումարով: Բայց ամենակարևորն այն է, որ երևանցին հասկացավ` սրանք քաղաքական ընտրություններ են»,- ասաց Վահագն Խաչատրյանն ու ավելացրեց, որ այս ընտրություններում իշխանության նկատմամբ հաղթանակ տանելու համար ՀԱԿ-ն ակտիվորեն համագործակցում է ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության» հետ:
Վահագն Խաչատրյանը դիմեց նաև ոստիկանությանն ու կոչ արեց ընտրությունների օրն ու դրանց նախորդող օրերին պայթարել կեղծիքների դեմ.
«Ոստիկանները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն Մալաթիա-Սեբաստիա համայնքին, որտեղ հանցագործություններ են անելու, խժդժություններ են անելու, որ կեղծիքներ անեն` մի քանի անգամ քվեարկեն»,- ասաց Վահագն Խաչատրյանն ու ավելացրեց.
«Բիզնեսն ու իշխանությունը պետք է հստակորեն առանձնացնել: Այս օրերին անձամբ եմ հանդիպել մի քանի գործարարների հետ, որոնցից պահանջում են, որ ընտրությունների օրը ձայների որոշակի թվաքանակ ապահովեն»: