03/05/2013 18:32
Թոնի Այոմի. Ափսոս, որ չեմ կարող անձամբ սատարել Դորիանսին «Եվրատեսիլում»
Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին, ով այս տարի Եվրատեսիլում Dorians-ի կողմից ներկայացվելիք Lonley Planet երգի համահեղինակն է, հարցազրույց է տվել Eurovision.tv-ին: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դորիանսից:
- Մենք զրուցել ենք Դորիանսի մենեջերի հետ, ով խոստովանեց, որ երկար ժամանակ տատանվում էր՝ դիմե՞լ է Եվրատեսիլ մրցույթում Հայաստանի ներկայանալու համար երգ գրելու խնդրանքով, թե` ոչ: «Իսկապես տարօրինակ էր խնդրել heavy metall-ի «կնքահորը» Եվրատեսիլի համար երգ գրել»,- նշել էր նա: Ինչպիսի՞ն էր Ձեր առաջին արձագանքն այդ առաջարկությանը:
- Ւնձ համար իսկապես հաճելի էր, երբ ինձ խնդրեցին այդ մասին, և ես արագ համաձայնվեցի: Մտածեցի և զգացի, որ իմ գաղափարներից մեկը կարող էր շատ հարմար տարբերակ լինել:
- Դուք գո՞հ եք Lonely Planet երգի խոսքերից և Դորիանսի կատարման ձևից:
- Կարծում եմ, որ խոսքերն իրոք լավն են և նկարագրում են այն, ինչը վերաբերում է մեզ բոլորիս: Դորիանս-ը երգը շատ լավ է կատարում: Նրանք հիմնականում պահպանել են իմ դեմո-տարբերակը, այնպես որ անակնկալներ չեղան:
- Ձեզ համար տարօրինակ չէ՞ լսել Ձեր երաժշտությունը ուրիշի կատարմամբ, հատկապես կիթառային րիֆերը և սոլոն:
- Երկար տարիների ընթացքում ես այնքան եմ լսել, թե ինչպես են ուրիշները կատարում Sabbath-ի երաժշտությունը, որ դա արդեն ինձ համար տարօրինակ չէ:
- Հնարավո՞ր է, որ մարդիկ, ովքեր սովորաբար չեն դիտում Եվրատեսիլը, այտ տարի փոխեն իրենց մոտեցումը Ձեր ներգրավվածության պատճառով:
- Ես հույս ունեմ, որ այդպես կլինի:
- Մայիսի 16-ին կայանալիք կիսաեզրափակչին ընդառաջ ի՞նչ կմաղթեք Դորիանսին:
- Խմբին հաջողություն եմ մաղթում, նրանք արժանի են լավագույնին: Ափսոսում եմ, որ անձամբ չեմ կարող սատարել նրանց: