06/05/2013 09:15
Ոստիկանությունը խոստանում է. Հրառավություն անողները կպատժվեն
Մայիսի 5-ի գիշերը, Երևանի քաղաքապետարանի ավագանու ընտրություններից հետո, մայրաքաղաքի մի շարք համայնքներում կազմակերպված հրավառությունների հեղինակները ենթարկվելու են վարչական պատասխանատվության: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Ավելի վաղ նա իր Facebook-յան էջում գրել էր.
«Մայիսի 5-ի գիշերը, Երևանի քաղաքապետարանի ավագանու ընտրություններից հետո, մայրաքաղաքի մի շարք համայնքներում կազմակերպվել են հրավառություններ, ինչի հետևանքով խախտվել է բնակիչների հանգիստն ու անդորրը:
Հիշեցնենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180 հոդվածի 2-րդ մասի համաձայն` գիշերային ժամերին, ժամը 23-ից մինչև ժամը 7-ն ընկած ժամանակահատվածում, հրագործական առարկաների օգտագործումն առաջացնում է վարչական պատասխանատվություն:
Այս պահի դրությամբ արդեն իսկ վարչական պատասխանատվության են ենթարկվել համակեցության կանոնները խախտած երեք անձինք:
Մյուս իրավախախտներին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքները շարունակվւմ են:
Ոստիկանությունը հավաստիացնում է, որ նրանք նույնպես կհայտնաբերվեն ու կենթարկվեն պատասխանատվության»