07/05/2013 09:07
Եթե ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիա չձևավորվի, կառավարության կազմում փոփոխություն չի լինի
Այսօր կամ վաղը կհրապարակվի նոր կառավարության կազմը: Թեև կառավարության ձևավորման վերջնաժամկետը մայիսի 9-ն է, սակայն, քանի որ այդ օրը ոչ աշխատանքային է, իշխանական կուլիսներում նշում են, որ ամեն ինչ կորոշվի մինչ այդ: «Հայկական Ժամանակը» դեռ շաբաթներ առաջ գրել էր, որ նոր կառավարության կազմը կախված է լինելու Երևանի ավագանու ընտրություններից և ուժերի դասավորվածությունից:
Երեկ քաղաքական կուլիսներում խոսվում էր` Ս. Սարգսյան-Գ. Ծառուկյան հնարավոր հանդիպման մասին, որը, ըստ որոշ տեղեկությունների, կարող է կայանալ այսօր: Եվ ՀՀԿ-ից, և ԲՀԿ-ից, երեկ թերթի թղթակցի հետ մասնավոր զրույցներում հայտնել են, որ կոալիցիայի ձևավորման հարց դեռ չի քննարկվել: ՀՀԿ-ն երեկ պաշտոնապես հայտարարեց, որ իրենք բաց են համագործակցության համար, թեև կուսակցության մի թևը կտրականապես դեմ է ԲՀԿ-ի կոալիցիայում ընդգրկվելուն: Եթե կողմերը համաձայնության չգան, նոր կառավարության կազմում որևէ էական փոփոխություն, ինչպես վստահեցնում են ՀՀԿ-ականները, տեղի չի ունենալու: