07/05/2013 17:21
ՀԱԿ ակտիվիստների վճռաբեկ հայցի քննությունը նշանակված է մայիսի 8-ին
Մայիսի 8-ին ժամը 11-ին Վճռաբեկ դատարանում նշանակված է Տիգրան Առաքելյանի և մյուսների քրեական գործի դատաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Օրակարգում ընդգրկված է երեք քրեական գործ: Տիգրան Առաքելյանի և մյուսների քրեական գործի դատաքննության հերթը 3-րդն է, որը տեղի կունենա ժամը 12:00-ի սահմաններում:
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի կողմից հուլիսի 20-ին հրապարակվել է Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի գործով դատավճիռը:
Տիգրան Առաքելյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր Գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ: Ավելի ուշ, երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր և ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռևս գտնվում է ՀՔԾ-ում: Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը մինչ այժմ կալանավորված է:
Ըստ ոստիկանության՝ գրադարանի մոտ միջադեպն սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետևանքով: Նրանք նաև նշել էին, թե ոստիկաններն իրենց դաժան ծեծի են ենթարկել:
Նախորդող հրապարակում` Տ. Առաքելյանը դատապարտվեց 6, Ա. Կարապետյանը`3 տարվա ազատազրկման