07/05/2013 14:32
Տիգրան Ուրիխանյանը հետ է վերցրել իր հայցադիմումը
ԱԺ ԲՀկ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետ է վերցրել իր հայցադիմումը բլոգեր Էդգար Բարսեղյան դեմ:
Հիշեցնենք, որ Տ. Ուրիխանյանը Է. Բարսեղյանից պահանջում է վիրավորանքի միջոցով իր պատիվը և արժանապատվությունը արատավորելու համար հրապարակային ներողություն խնդրել և որպես փոխհատուցում 1.000.000 ՀՀ դրամ բռնագանձել:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ աշխատանքային գործունեությունը չափազանց շատ ջանք ու ժամանակ է պահանջում, իսկ որպես ՀՀ ԱԺ պատգամավոր ես գերադասում եմ դրանք ծախսել երկրումս առկա խնդիրների լուծմանն ու քաղաքացիների կյանքի բարելավմանն ուղղված գործերի վրա՝ հարկադրված եմ հրաժարվել, ուստի հրաժարվում եմ հայցապահանջից:
Ինչ վերաբերում է ինտերնետային խուլիգաններին, ապա նրանք էլ ժողովրդիս մի մասնիկն են, նրանց կյանքի բարելավմամբ ևս մտահոգ եմ:
Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ ժամանակ տրամադրելու և բարձր մակարդակի մասնագիտական հմտություններ դրսևորելու համար:
Հարգանքով՝ ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյան»,-ասված է Տ. Ուրիխանյանի նամակում:
Բլոգեր Է. Բարսեղյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իր համար անսպասելի էր, որ Տ. Ուրիխանյանը հետ կվերցնի իր հայցադիմումը: «Երևի հասկացավ, որ անիմաստ է և քաղաքական խոհեմություն դրսևորեց»,-ասաց նա:
Նախորդող հրապարակում` Տիգրան Ուրիխանյան- Էդգար Բարսեղյան դատական նիստը հետաձգվեց