10/05/2013 15:42
Թուրքագետ. Արևմուտքը Թուրքիային օգտագործում է Սիրիայի դեմ` որպես գործիք
«ԱՄՆ-ի նոր պետքարտուղար Ջոն Քերիի` Թուրքիա մի քանի այցելություններին հաջորդեց Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ներողությունը` ուղղված Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` կապված «Ազատության տորմիղի» հետ»,- Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով թուրք-իսրայելական հարաբերություններում վերջերս նկատվող դրական փոփոխություններին` ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:
Նա նշեց, որ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների կարգավորումը խիստ մտահոգում է ԱՄՆ-ին` իր «Մեծ Մերձավոր Արևելք» քաղաքականության շրջանակներում:
«Թուրք-իսրայելական հարաբերությունների բարելավումը ես անձամբ կապում եմ Սիրիայում տեղի ունեցող զարգացումների հետ: Սիրիայի դեմ Արևմուտքի քաղաքականության տրամաբանության մեջ է տեղավորվում Թուրքիայի և Իսրայելի համագործակցությունը»,- նշեց թուրքագետը:
Ա. Իսպիրյանը նշեց, որ Իսրայելն ունի շատ լավ հետախուզություն, իսկ մարտիկները, հետախույզները Սիրիայի տարածք են ներթափանցում Թուրքիայի տարածքից, այսինքն` նրանց փոխադարձ համագործակցության խնդիր էր առաջացել:
«Թուրք-իսրայելական համագործակցությունը` ուղղված Սիրիայի դեմ, կտա արևմտյան երկրների համար ցանկալի արդյունք», - ասաց բանախոսը:
Ըստ նրա` ԱՄՆ-ի շահերից է բխում Բաշար Ասադի ռեժիմի տապալումը, ինչն ամերիկացիները ցանկանում են իրականացնել Թուրքիայի միջոցով:
Իսպիրյանը նկատեց, որ Արևմուտքը Մերձավոր Արևելքում սկսել է հետաքրքիր գործընթաց. այդ տարածաշրջանի փոփոխությունները, Սիրիայի դեմ ուղղված գործողություններն իրականացվում են ոչ թե ՆԱՏՕ-ի ձեռքերով, այլ հենց մահմեդական երկրների ձեռքերով:
«Արևմուտքը ցանկանում է Թուրքիային Սիրիայի դեմ օգտագործել որպես գործիք, դրա դիմաց նրան տրամադրելով որոշակի դիվիդենտներ»,- հավելեց թուրքագետը: