10/05/2013 13:19
Ա. Պողոսյան. Թանկացումները կապված են ընտրակաշառքի հետ
Հետընտրական շրջանում պարենամթերքը թանկացել է 7-10 տոկոսով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի սպառողների ասցիացիայի նախագահ Արմեն Պողոսյան` չմանրամասնելով, թե որ ապրանքը որքան է թանկացել:
Թեև թանկացումներին բանախոսը փիլիսոփայաբար մոտեցավ. «Գները միշտ բարձրանում են բոլոր դարաշրջաններում»,- սակայն շեշտեց, որ այս դեպքում թանկացումները կապված են ընտրակաշառքի հետ:
«Յուրաքանչյուր ընտրություններից առաջ գները սանձվում են, իսկ ընտրություններից հետո սկսվում է թանկացումը»,- ասաց Ա. Պողոսյանը:
Բանախոսը տարբերակեց նոմինալ և կրիմինալ թանկացումներ. «Նոմինալի դեպքում պայքարում ենք այնքան, ինչքան կարողանում ենք, իսկ կրիմինալի դեպքում, երբ հացի մեջ օդ է, իսկ շաքարավազի մեջ` ջուր, առաջարկում ենք ստուգայցեր կատարել և ուսումնասիրել հացի և շաքարավազի ոլորտը»:
Արմեն Պողոսյանն Ազգային վիճակագրական ծառայության մեթոդաբանությունը և մոտեցումները ոչ ճիշտ է համարում, իսկ 2012թ. թանկացումների վերաբերյալ ԱՎԾ հայտարարած 3.2 տոկոս աճը նրան վստահություն չի ներշնչում: