13/05/2013 16:15
Արաքս Փաշայան. Իսրայելա-սիրիական լարվածությունը չի վերաճի պատերազմի
«Սիրիայում այս պահին իրավիճակը կարելի է բնորոշել որպես ճգնաժամային և ես չեմ կարծում, որ Իսրայելի և Սիրիայի միջև հարաբերությունների լարվածությունը կարող է վերաճել մեծ պատերազմի»,-Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սիրիայում ստեղծված իրավիճակին և իսրայելա-սիրիական հարաբերություններում նկատվող վերջին լարվածությանը, ասաց արևելագետ Արաքս Փաշայանը:
Նա նշեց, որ ասադական վարչակարգը միշտ էլ զուսպ և հավասարակշռված քաղաքականություն է վարել Իսրայելի նկատմամբ:
«Վերջին դեպքերը՝ կապված Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի ռմբակոծության հետ, կարող են միայն լրացուցիչ լարվածություն մտցնել և չեմ կարծում, որ այդ լարվածությունը չափից դուրս ծավալվի և վերաճի պատերազմի»,-ասաց արևելագետը:
Ա. Փաշայանը անդրադառնալով Սիրիայի ներսում տեղի ունեցող զարգացումներին՝ ասաց, որ Ասադը շարունակում է պահպանել իշխանությունը և դեռևս մոտակա հեռանկարում կկարողանա պահպանել ու նրա մոտալուտ տապալման մասին խոսելը դեռևս վաղ է:
«Սիրիայի ազգային անվտանգությունը պատերազմական իրավիճակի պատճառով զգալիորեն թուլացել է»,-նշեց բանախոսը:
Ըստ նրա՝ Սիրիայի ընդդիմության շրջանում բազմազանությունը՝ դավանական, էթնիկ և գաղափարական առումով ակնհայտ է և նրանց միավորման, համախմբման գործընթացը շատ բարդ կլինի:
«Ես չեմ կարծում, որ սիրիական ընդդիմությունը մեծ հաջողությունների կհասնի միավորման, այլընտրանքային կառավարություն ստեղծելու հարցում` նրանց ներսում առկա հակասությունների պատճառով»,-հավելեց Ա. Փաշայանը: