13/05/2013 10:19
Կարկուտից տուժած գյուղերի բնակիչները փակել են Արմավիր-Մարգարա ճանապարհը
Տասյնակ գյուղերի բնակիչներ փակել են Արմավիր-Մարգարա ճանապարհը և պահանջում են կարկուտի հասցրած վնասների արագ փոխհատուցում, ինչպես նաև` գյուղնախարարի հետ հանդիպում: Այս մասին տեղեկանում ենք «ԱԼՏ» հեռուստաընկերությունից:
Մրգաշատցիները փակել են Երևան Արմավիր մայրուղին: Ալաշկերտցիները` Արմավիր-Մարգարա հանրապետական նշանակության ճանապարհը: Հայկավանցիները փակել են միջհամայնքային նշանակության ճանապարհը, իսկ արմավիրցիները` Արմավիր միջհամայնքային նշանակության ճանապարհը:
Հեռուստաընկերությունից տեղեկանում ենք, որ Գյուղատնտեսության նախարարը կարկուտից տուժած գյուղերի ղեկավարների և Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ Արմավիրի մարզպետարանում քննարկում է հետագա անելիքը:
Սերգո Կարապետյանը խորհուրդ է տվել գյուղացիներին խաղողի այգիների խոր էտում կատարել, իսկ պտղի և բանջարաբոստանային կուլտուրաների վերականգնման մասին լռում է: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն էլ գյուղացիներից երկու օր ժամանակ է խնդրել` վնասներն ուսումնասիրելու և կառավարությունում հարցը բարձրացնելու համար:
Առայժմ ճանապարհները մնում են փակ, գյուղացիները չեն նահանջում, պահանջում են արագ և ողջամիտ քայլեր կառավարության կողմից: