13/05/2013 18:38
Իրանագետ. Իրանի նախագահ ընտրվելու ամենամեծ շանսերն ունի Ալի Վելայաթին
«Շաբաթ օրը ավարտվեց Իրանի նախագահական ընտրություններում թեկնածուների գրանցման գործընթացը և գրանցվել են 460-ից ավելի թեկնածուներ»,- Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Իրանի նախագահական ընտրություններին և այդ ընտրությունների ազդեցությանը հայ-իրանական հարաբերությունների վրա ասաց իրանագետ Արմեն Իսրայելյանը:
Նա նշեց, որ առաջադրված թեկնածուներից Իրանի նախագահ դառնալու ամենամեծ հնարավորություններն ունեն Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, Իրանի նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին և Մահմուդ Ահմադինեջադի խորհրդական Ռահիմ Մաշային:
«Շատ հետաքրքիր իրավիճակ էր ստեղծվել Իրանի նախագահի թեկնածուների առաջադրման հետ կապված, քանի որ Մաշային և Ռաֆսանջանին ամենավերջին րոպեին ներկայացան և գրանցեցին իրենց թեկնածությունները»,- ասաց Ա. Իսրայելյանը:
Իրանագետը նշեց, որ գոյություն ունի Սահմանադրության պահապանների խորհուրդ, որը պետք է հավանություն տա, արդյոք բոլոր գրանցված թեկնածուները համապատասխանո՞ւմ են իրանական օրենքներին, թե ոչ:
«Եթե խորհուրդը մերժեց Մաշային և Ռաֆսանջանիին, ապա ընտրվելու մեծ հավանականություն կունենա Վելայաթին կամ Թեհրանի քաղաքապետ Ղալիբաֆը»,- ասաց բանախոսը:
Նրա խոսքով՝ Ռաֆսանջանին այնքան էլ մեծ շանսեր չունի, քանի որ նա ունի պատկառելի տարիք, բացի այդ, նախկին նախագահը, նրա որդին և դուստրը մեղադրվում են 2009 թ.-ին հետընտրական ցնցումներ կազմակերպելու մեջ:
Ըստ նրա՝ պահապանների խորհուրդը չի արտոնի Ռաֆսանջանիի և Մաշայի թեկնածությունները, քանի որ Մաշային էլ համարվում է իսլամական հեղափոխության գաղափարախոսությունից շեղված գործիչ:
«Ընտրություններում հիմնական պայքարը կընթանա պահպանողականների և բարեփոխականների միջև: Եթե Ռաֆսանջանիի թեկնածությունը մերժվի, ապա միմյանց դեմ կմրցեն պահպանողականները` Վելայաթին և Ղալիբաֆը»,- ասաց բանախոսը:
Անդրադառնալով այն հարցին, թե ընտրությունների ելքը ինչ կերպ կարող է ազդել հայ-իրանական հարաբերությունների վրա, Իսրայելյանը նշեց, որ դեռևս նախընտրական պայքարը չի սկսվել և թեկնածուները Հայաստանի վերաբերյալ որևէ հայտարարություն չեն արել, սակայն հաշվի առնելով Ռաֆսանջանիի և Վելայաթիի քաղաքական անցյալը, նրանք դրականորեն են տրամադրված եղել Հայաստանի նկատմամբ:
«Ռաֆսանջանիի օրոք Իրանը առաջին անգամ հանդես եկավ ղարաբաղյան հարցում միջնորդական նախաձեռնությամբ»,-ասաց իրանագետը:
Նրա խոսքերով, Վելայաթեին այդ ժամանակ հանդիսանում էր Ռաֆսանջանիի կաբինետում արտգործնախարար:
«Ներկա թեկնածուներից ոչ ոք հակահայկական հայտարարություններով հանդես չի եկել, իսկ հայ-իրանական հարաբերությունները փոխկապակցված կլինեն Թուրքիա-Իրան և Իրան-Ադրբեջան հարաբերությունների հետ»,- հավելեց Ա. Իսրայելյանը: