13/05/2013 13:57
70 ազատամարտիկ կառավարություն նամակ է հանձնել. Նստացույցը շարունակվում է
Այսօր մոտ 70 ազատամարտիկներ Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի ՀՀ Կառավարության շենք: Ազատամարտիկների երթը գլխավորում էր պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, ով մայիսի 11-ից նստացույց է հայտարարել Ազատության հրապարակում:
«Մենք, էլի եմ ասում, մի բան ենք պահանջում` արժանապատվություն: Ուզում ենք, որ ազատամարտիկը գոնե արժանապատիվ կենսաթոշակ ստանա: Կառավարությանը հանձնած նամակում մենք պահանջում ենք վերանայել սպաների կենսաթոշակային համակարգը, պահանջում ենք հատուկ ուշադրություն դարձնել զոհված ազատամարտիկների ընտանիքներին ու այն ընտանիքներին, որոնց որդիները զոհվել են զինծառայության ընթացքում»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Վոլոդյա Ավետիսյանը:
Գնդապետ Ավետիսյանի խոսքով` ազատամարտիկների այս երթին էլի շատ կռված տղերք են ցանկացել միանալ, սակայն տրանսպորտի գումար չունենալու պատճառով չեն կարողացել մայրաքաղաք գալ:
«Մեզ միացան նաև զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներ, որոնց մեծ մասն աննկարագրելի վատ պայմաններում է ապրում: Հուսանք` կառավարությունը գոնե մի արձագանք կտա»,- ասաց Վոլոդյա Ավետիսյանն ու ավելացրեց, որ իր նստացույցն Ազատության հրապարակում շարունակելու է մինչ վաղը.
«Վաղը նստացույցից դուրս կգամ: Տեսնենք կառավարությունն ինչ կասի, որ մենք էլ մեր անելիքն իմանանք»: