14/05/2013 20:25
Բոլոր շները դրախտ են գնում. Ինչո՞ւ չեն պատժվում կենդանիներին տանջողները
«Մահը միշտ դաժան է... 7 օր տառապանք, ցավ, ուրախություն, հույս, անճարություն, լաց, հրաշքի սպասում... անցավ ամեն ինչ, վերջացավ մի քանի րոպեում, թողնելով միայն դատարկություն ու վիշտ... ծնվեց չգիտեմ որտեղ, ապրեց ընդամենը 8 ամիս տանջանքներով ու ցավով ու մահացավ 7 երկար ու ձիգ օր... հույս ունեմ, գոնե մի կաթիլ արև ու սեր տարավ իր ներսում, զգաց մեր սերը ու մեռավ մեր ձեռքերի մեջ, սպասեց ինձ 2 ժամ, թեկուզ տառապանքի գնով, ու ցավերի մեջ հանգավ............... ու էլ ոչ ոք երբեք ինձ չի կարող ասել, թե կենդանիները հոգի չունեն, ես հենց նոր տեսա, թե ինչպես է հոգին թողնում մարմինը...... Ատվաց հոգիդ լուսավորի իմ ՀՐԱՇՔ, կհիշենք ու կսիրենք մինչև կյանքի վերջ, հանդիպման ակնկալիքով........ ներիր, որ չկարողացանք...»
Սա Չուդիկին նվիրված Լյուսի Հարությունյանի ֆեյսբուքյան էջից գրառումն է: Լյուսին այն մարդն է, ով իմանալով հանդերձ, որ շունը հիվանդ է նաև մարդու համար վտանգավոր վարակով, վերցրեց և խնամեց նրան կյանքի վերջին օրերի ընթացքում: Չուդիկին հեծանվորդները հայտնաբերել էին ճանապարհին, նա մի քանի րոպեի ընթացքում իր վրա զգաց մարդու դաժանությունն ու ջերմությունը, գտավ ընտանիք, սակայն դա շատ կարճ տևեց, գամփռի ստացած վնասվածքները հնարավոր չեղավ բուժել:
Հայկը այսօրվա պես հիշում է այդ օրը: Նրա խոսքով` իրենց ուշադրությունը միանգամից գրավեց այն տեսարանը, որ շունը, տաքսուց թելով կապված, վազում էր, հետո հոգնել է ու ընկել, ու մի քանի մետր տաքսին շանը այդպես է քարշ տվել:
«Տաքսու վարորդը ասաց,որ իբր շունը հիվանդ է եղել, և անընդհատ իր շանն է մոտեցել, և ինքը ուզեցել է կորցնել շանը, սակայն նա կարող էր շանը ասենք գոնե բեռանխցիկում դնել»,- Aysor.am-ի թղթակցին ասաց նա:
Նրա խոսքով` տասքու վարորդը հեռացել է և իրենք չեն էլ իմացել, թե նա որտեղից է, քանի որ գերադասել են կենդանու կյանքը փրկել:
Չուդիկին օգնություն ցուցաբերած «Դինգո» կամավորների թիմի հիմնադիր Օվսաննա Հովսեփյանի Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նման դեպքեր հաճախ են լինում, սակայն մեղավորները չեն պատժվում:
«Մեր խմբում շների մեծ մասը տանջանքների է ենթարկվել մեզ մոտ հայտնվելուց առաջ: Այդ դեպքերում որևէ մեկի մեղքը դժվար է ապացուցել, քանի որ դեպքի վայրում չեն կարողանում հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել: Շատ են նման կենդանիները, որոնք մեքենայից քարշ են տալիս շներին, բահով ծեծում են, տանջանքների ենթարկում, բայց ովքեր են արել, երբեք չի իմացվում: Կրակելուց էլ դեքպեր կան, որ բնակիչները դիմում են ոստիկանություն, այնտեղից ասում են, որ «Յունիգրաֆիքսի» աշխատակիցներն են, կա համապատասխան հրաման, իսկ քաղաքապետարանը միշտ ժխտում է, որ իրենք կրակում են, այլ միայն քնեցնում են շներին»,- ասաց Օ. Հովսեփյանը:
Պարտադիր չէ շուն լինել` շան տառապանքն ու ցավը հասկանալու համար: Մեր երկրում շների հանդեպ դաժան վերաբերմունքը պատժող որևէ օրենք չկա:
Եթե ուզում եք կենդանիներին տանջելու, սպանելու շնորհիվ ձեզ «մարդ» զգալ, պետք է ունենաք 30-ից 50 հազար ՀՀ դրամ, քանի որ այդ արարքի համար պատիժը սահմանվում է ՀՀ վարչական իրավախատումների մասին օրենսգրքի 92 հոդվածով (Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը, առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով), թեև դրա կարիքն էլ շատերի խոսքով, հաճախ չի լինում:
«Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության ԲԿ-ի հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանի խոսքով՝ տարեկան ՀՀ կառավարությունը շների խնդիրների լուծմանը հատկացնում է մոտ 500 հազար ԱՄՆ դոլար` օրենք ընդունելու փոխարեն:
«Այդքան գումարներով հնարավոր կլիներ լուծել ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի շների հետ կապված խնդիրները, սակայն պատկան մարմինները հաճախ ընտրում են ոչ թե այդ խնդիրների լուծման, այլ շներին սպանելու ճանապարհը: Շների սպանդը իրականացվում է ոչ միայն ոստիկանության գիտությամբ, այլև երբեմն նրանց մասնակցությամբ: Քաղաքացիները ահազանգում են պատկան մարմիններին, որ իրենց բակում իրենց շուն կա, և վերջիններս նրան ուղղակի կրակում են»,- ասաց նա:
Ն. Արամյանի խոսքով` Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 92 հոդվածը իր կարծիքով, զավեշտալի պատիժ է նախատեսում: Այդ նպատակով նա 2011 թ. առաջարկել է կառավարությանը վավերացնել Ընտանի կենդանիների պաշտպանության եվրոպական կոնվենցիան, սակայն դա ընթացք չի ստացել: «Տարոն Մարգարյանը խոստացել է, որ կառավարությունում կմիջնորդի օրենքի ընդունման համար, հույս ունենք, որ կստացվի»,- ասաց Ն. Արամյանը:
«Փրկենք կենդանիներին» թափառող կենդանիների կացարանի տնօրեն Նունե Մեհրաբյանը ո՛չ կառավարության, ո՛չ էլ որևէ մեկի հետ հույս չի կապում: Նա գտել է կենդանիներին տանջող մարդկանց պատժելու իր տարբերակը: «Ես մի քանի անգամ ուղղակի ծեծել եմ այդ տղաներին, որոնք տանջում էին կենդանիներին: Իսկ օրենքը` իհարկե, դա թույլ հոդված է, սակայն շատ բան կախված է նրանից, որքանով մենք իրավատեր կլինենք: Լավագույն պատիժը այս դեպքում նման մարդկանց գրպանին կպնել է, պետք է հստակ ֆինանսական պատիժ լինի, իսկ աշխարհի շատ երկրներում դրա համար անգամ քրեական պատիժ է նախատեսված: Մարդիկ պետք է հասկանան, որ անպատիժ չեն մնա»,- ասաց նա: