14/05/2013 16:12
Հ. Մելիք-Շահնազարյան. Քաղաքական առումով Ալիևը ընտրվելու որևէ խնդիր չունի
«Ակնհայտ է, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցնելու են սոցիալական լարված իրավիճակում: Դրա հետ միասին պետք է ասել, որ ընդդիմությունն այսօր որևէ լուրջ դիմադրություն ցուցաբերելու, հակադարձելու հնարավորություն չունի»,- անդրադառնալով Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին և առկա իրավիճակին, Aysor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նրա խոսքով` Ադրբեջանի իշխանությունները և հատկապես Ալիևի վարչակազմը մոնոպոլիզացրել են քաղաքական դաշտը երկրում և քաղաքական գործընթացները ենթարկել սեփական կամքին:
«Գործնականում ոչնչացված է քաղաքական ընդդիմությունը: Այն հնարավոր բողոքի ալիքները, որոնք կարող են վերջին հաշվով դառնալ շարժում, ճնշվում են, իսկ ակտիվիստները` ձերբակալվում»,- հավելեց Հ. Մելիք-Շահնազարյանը:
Նա նշեց՝ միայն այն փաստը, որ Ալիևին հաջողվել է փոխել երկրի սահմանադրությունը` իր ընտրվելը երրորդ անգամ ապահովելու համար, արդեն իսկ խոսուն ապացույցն է այն բանի, որ քաղաքական առումով ընտրվելու որևէ խնդիր Ալիևը չունի:
«Այլ հարց է, թե ինչպես կարձագանքի այդ հանգամանքին միջազգային հանրությունը, որն արդեն իսկ բավականին սուր քննադատություններով է հանդես գալիս, բայց գործնականում սահմանափակվում է միայն դրանցով: Այսինքն` որևէ պատժամիջոց կամ հակաժողովրդավարական ռեժիմի հետ համագործակցության ծավալների կրճատում այս պահի դրությամբ չի նկատվում: Կարծում եմ՝ դա բացասական ազդանշան է»,- ասաց քաղաքագետը:
Նշենք, որ Ադրբեջանում այս տարվա հոկտեմբերի 16-ին տեղի են ունենալու հերթական նախագահական ընտրությունները: Գործող նախագահ Իլհամ Ալիևը պատրաստվում է առաջադրվել երրորդ անգամ: