16/05/2013 19:09
Տուժած տնտեսություններին սերմացուն ու սածիլները կտրամադրվեն անհատույց
Կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին աջակցելու խնդիրը քննարկվել է երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ կայացած խորհրդակցությունում և շարունակվել այսօր ՀՀ կառավարության նիստում։
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ոլորտի պատասխանատուներին և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին է ներկայացրել հարցի կապակցությամբ կառավարության կողմից նախարարությանը տրված հանձնարարականները։ Քննարկվել է կրկնացանքի ժամկետների և հնարավորության հարցը և միանգամայն հնարավոր ու անհրաժեշտ համարվել սեղմ ժամկետներում վերջինիս իրականացումը։ Այս մասին հայտնում են գյուղնախարարության լրատվական ծառայությունից:
Նշված գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ սերմերի և սածիլների պահանջարկը բավարարելու նպատակով որոշվել է անհապաղ ՌԴ գործուղել «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրենին։ Սերմերի (եգիպտացորենի, առվույտի և արևածաղկի) ձեռքբերման, բարձման և տեղափոխման հրատապության համար տրվել են անհրաժեշտ ցուցումներ և հանձնարարականներ։ Մնացած մշակաբույսերի սերմերը պետք է գնվեն սերմերի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող հանրապետության տնտեսվարող սուբյեկտներից։
Սերմերի ներկրման և բաշխման գործընթացը պետք է ավարտվի 5-օրյա ժամկետում՝ հաշվի առնելով ժամկետների սղությունը։
Ինչ մնում է սածիլներին, ապա այն կապահովվի հիմնականում «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից, առանձին խմբաքանակներով, խիստ հասցեականության սկզբունքով և կավարտվի 10-օրյա ժամկետում:
Տուժած, սոցիալապես անապահով տնտեսություններին սերմացուն ու սածիլները կտրամադրվեն անհատույց։
Կարևորվել է մասնագիտական խորհրդատվության ակտիվացումը, հատկապես կարկտահարված վազերի և ծառերի էտի, ձևավորման, խնամքի և մշակության հարցերով։
«ՍՊԱՅԿԱ» ընկերությանը համապատասխան արտադրական տարածք տրամադրելու վերաբերյալ ՀՀ վարչապետի կողմից ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը տրված հանձնարարականի մասով նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ հնարավորություններ են փնտրվում հարցի լուծման համար, սակայն մինչև այդ պետք է տնտեսվարող այլ կազմակերպությունների հետ բանակցությունների ընթացքում ապակենտրոնացնել և վերաբաշխել առաքումների ծանրաբեռնվածությունը։
Որոշվել է սույն թվականի մայիսի 21-ին հարցի քննարկման համար ՀՀ գյուղատնտեսության նախարարություն հրավիրել պտուղբանջարեղենի արտահանումներով զբաղվող տնտեսավարողներին։