16/05/2013 10:52
Սպանվել է Հրանտ Մաթևոսյանի եղբոր որդին
Մայիսի 15-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերքով հիվանդանոց է ընդունվել տղամարդու դիակ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, անհայտ անձը Վանաձորի Բաղրամյան փողոցում սպանել է 1978 թ. ծնված Թովմա Մաթևոսյանին:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Վանաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 15-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Բաղրամյան փողոցի թիվ 21/15 հասցեում գտնվող սուպերմարկետի մոտ, վիճաբանության ժամանակ, Թ. Մաթևոսյանին սուր-կտրող-ծակող գործիքով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հարվածել և սպանել է 1976 թ. ծնված Տիգրան Մ.-ն:
Կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նշենք, որ Aysor.am-ի տեղեկությունների համաձայն` մահացածը Լոռու մարզի Ահնիձոր գյուղի բնակիչ, 35-ամյա Թովմա Մաթևոսյանն է, ով Մոտկորի անտառապետն էր և հայ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի եղբոր որդին:
Սպանությունը կատարած Տիգրան Մ.ն աշխատում է ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանության տեսչության Վանաձորի տարածքային բաժնում՝ որպես էկոլոգիայի տեսուչ: