17/05/2013 14:23
Մանկամիտ մոտեցում է կարծել՝ գազի գնի բարձրացումը ՌԴ-ի վերաբերմունքն է ՀՀ-ին
Գազի գնի բարձրացման խնդիրն ունի թե´ քաղաքական, թե´ սոցիալական բաղադրիչ: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
«Այնպես չէ, որ ռուսական գազի գնի բարձրացման պատճառը Ռուսաստանի իշխանությունների վերաբերմունքն է Հայաստանի իշխանությունների նկատմամբ: Դա մանկամիտ մոտեցում է: Ակնհայտ է, որ Ռուսաստանը երբեք էլ չի թաքցրել իր ազդեցությունը տարածաշրջանում»,- ասաց պատգամավորը` հավելելով, թե Հայաստանը պետք է սկսի մտածել էներգետիկ առումով առավելագույնս ինքնուրույն դառնալու՝ վերականգնող էներգետիկայի օգտագործման հնարավորության ուղղությամբ:
Գազի գնի բարձրացումը, Խ. Հարությունյանի խոսքով, բերելու է ապրանքատեսակների գների բարձրացման, ինչը բարդ իրավիճակ է ստեղծելու. «Այն նույնիսկ կարող է հանգեցնել տնտեսական անկման»:
Միևնույն ժամանակ, պատգամավորը չի կարծում, որ ստեղծված խնդիրների պատճառով երկրում սոցիալական բունտ կառաջանա, բայց այն, որ իշխանության առջև լուրջ մարտահրավերներ են կանգնած առաջիկա տարիներին արմատական բարեփոխումներ անցկացնելու համար, փաստ է։