18/05/2013 15:22
Լյուքս Ստեփանյանի մահվան գործով արդեն պատժվածներ կան
Aysor.am-ի տեղեկություններով` վաղ առավոտյանը, երբ դեռ հայտնի չէր օրերս սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատների մտադրության մասին` երիտասարդի դին Երևան` կառավարության շենքի մոտ, տեղափոխելու վերաբերյալ, Պաշտպանության նախարարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել, որի ընթացքում նախարար Սեյրան Օհանյանի հրամանով մի քանի բարձրաստիճան զինվորականներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից:
Հիշեցնենք, որ Նոյեմբերյանի զորամասերից մեկում օրերս սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ըստ նախաքննության տվյալների՝ 15.05.2013թ՝ ժամը 15:30-ի սահմաններում թիվ N զորամասի 1-ին պահակախմբի մուտքի դիտորդ, նույն զորամասի ԿՍ-19 ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Խաչատրյանը վիճաբանության մեջ է մտել պահակախմբում ընդգրկված ԿՍ-19 ՀԴՆ-ի ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանի հետ, որի ժամանակ շարքային Դ.Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակել է շարքային Լ.Ստեփանյանի ուղղությամբ, որի արդյունքում վերջինս գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել է, իսկ նույն ՀԴՆ-ի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել Նոյեմբերյանի քաղաքային հիվանդանոց:
Դավիթ Խաչատրյանը ՀՀ քր. օր-ի 104 հոդ-ի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել և որպես կասկածյալ հարցաքննվել է: