20/05/2013 15:11
ԱԱԾ. Ձերբակալվել է քաղաքագետ Արկադի Վարդանյանը՝ թունավորման փորձի համար
Ազգային Անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում մայիսի 18-ին, Երևան քաղաքում ձերբակալվել են Արսեն Ռոբերտի Ավետյանը և Արկադի Արշավիրի Վարդանյանը, որոնք կասկածվում են Արսեն Ավետյանի հոր` Ռոբերտ Աբրահամի Ավետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Ըստ ձեռք բերված տվյալների` Արսեն Ավետյանը և Արկադի Վարդանյանը պլանավորել, միջոցներ են ձեռք բերել և պայմաններ ստեղծել Ռոբերտ Ավետյանին թունավորելու միջոցով նրա գույքին տիրանալու համար:
Իրավասու մարմինների կողմից օրենքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ստացված տեղեկությունների հիման վրա դեռևս 2013թ. մայիսի 17-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասին 7-րդ և 8-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստություն):
Նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:
Կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական գործողություններ: Ներկայումս նախաքննության մարմինը քննարկում է կասկածյալներին մեղադրանք առաջադրելու, նրանց արարքներին իրավական գնահատական տալու, ինչպես նաև խափանման միջոց ընտրելու հարցերը:
Քրեական գործի քննության վերաբերյալ հետագա տեղեկատվությունը կտրամադրվի հաշվի առնելով նախաքննության բնականոն ընթացքի և համակողմանիության միաժամանակյա ապահովման անհրաժեշտությունը: