20/05/2013 10:25
Վահե Ղուկասյանի պաշտպանը պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդու՝ Վահե Ղուկասյանի պաշտպան Հայկ Ալումյանի բողոքը` քննչական մարմնի կողմից իր պաշտպանյալին այս գործով տուժող չճանաչելու որոշման դեմ:
Հ. Ալումյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ դատարանի որոշումը ստանալուն պես պատրաստվում է դիմել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում 1989 թ. ծնված Վահե Ղուկասյանը խոստովանել է, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:
Վահե Ղուկասյանը հայտնել է նաև, որ միջադեպի ընթացքում Արտյոմ Կարապետյանի կողմից «Մակարով» ատրճանակից արձակված կրակոցից աջ կոնքի շրջանում վնասվածք է ստացել նաև ինքը:
Վ. Ղուկասյանի «Լադա-Պրիորա» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ՝ նստելատեղի կողքին հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող, առանց գործարանային համարի և պահունակի «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ և չպարզված տեսակի ատրճանակ` պահունակով, լիցքավորված 3 հատ 6,35 մմ տրամաչափի փամփուշտներով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական հետագա միջոցառումների արդյունքում՝ ապրիլի 24-ին, ժամը 23.00-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 54/Բ շենքի ձախ անկյունային հատվածին հարակից տարածքում հայտնաբերել և առգրավել են «Մակարով» տիպի ատրճանակ` պահունակով, լիցքավորված 9 մմ տրամաչափի 5 փամփուշտներով:
Նախորդող հրապարակում` Վահե Ղուկասյանը հայտնել է, որ վնասվածք է ստացել Կարապետյանի ատրճանակից