21/05/2013 09:18
Ֆինանսների նախարարը հրահանգել է կրճատել մամուլի բաժանորդագրությունը
Ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանը պաշտոնը ստանձնելուց հետո մի «ունիկալ» նախաձեռնությամբ է հանդես եկել: Նա թերևս մտածում է, որ ֆինանսների նախարարի թիվ մեկ պարտականությունը խնայողություններ անելն է, և, հավանաբար, սրան է գումարվել նաև մամուլի նկատմամբ իր և իր թիմի նեգատիվ վերաբերմունքը, ու նա որոշել է հաճելին օգտակարի հետ համատեղել` խնայողության անվան տակ արգելել թերթ կարդալը: Եվ առաջինը, ինչն արել է` պաշտոնական գրություն է ուղարկել գերատեսչություններին, պահանջելով կրճատել մամուլի բաժանորդագրությունը:
Ըստ «Հրապարակի» աղբյուրների` այս հրահանգն առաջին հերթին վերաբերում է անկախ և ընդդիմադիր մամուլին: Մենք էլ կարծում էինք, թե այս իշխանությունն օրերից մի օր կհասկանա, որ ազատ մամուլին աջակցելը, մամուլը կայացնելը երկրի զարգացմանն ուղղված քայլ է և պետության հիմնական պարտականություններից մեկը: