21/05/2013 16:02
Լավրով. Պետք է եռապատկել ջանքերը՝ ԼՂ հակամարտության կարգավորման համար
«Ռուսաստանը մտադիր է հետագայում նույնպես աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»,- այս մասին «Ռուսասատանի ձայն» ռ/կ-ի փոխանցմամբ, Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնախնդիրը: Մենք երեք հիմնական միջնորդներից ենք և մտադիր ենք այսուհետ ևս սատարել կողմերի համար փոխադարձ ընդունելի լուծումներ որոնելուն՝ Բաքվի և Երևանի հետ մեր երկկողմ հարաբերությունների շրջանակում, ինչպես նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր»,- նշել է Լավրովը:
Լավրովի խոսքով՝ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը Լեռնային Ղարաբաղ կկայանա մայիսի 22-ին:
«Հենց վաղը կկայանա համանախագահների հերթական այցը տարածաշրջան: Աշխատանքը շարունակվում է»,- նշել է նա:
«Ոչ ոք չի պատրաստվում հանձնվել, մենք ամեն ինչ անելու ենք` օգնելու ստեղծել պայմաններ այդ խնդրի լուծման համար, չնայած հասկանալի է, որ այն կարող են լուծել միայն հետաքրքրված կողմերը, իսկ մենք դրանում կօգնեն նրանց: Չպետք է հրատապ գնահատականներ տալ. եթե լճացում է նկատվում, ոչինչ չի ստացվի: Ես վստահ եմ, որ ամեն ինչ կստացվի, եթե փորձ արվի ձեռք բերել փոխզիջում՝ հաշվի առնելով կողմերի օրինական շահերը»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը:
Լավրովը նաև հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ստատուս-քվոն անընդունելի է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ հակամարտող երկու կողմերի համար:
«Ռուսաստանի համար ստատուս-քվոն անընդունելի է, քանի որ նրանք մեր հարևաններն են, մեր ընկերները, և կայունությունն ու հանգստությունը Կովկասում Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են»,-հայտարարել է Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանում ընտրությունների ավարտից հետո պետք է եռապատկել ջանքերը, որպեսզի հակամարտության կարգավորման գործընթացում հնարավոր լինի հասնել բեկումնային առաջընթացի: