21/05/2013 15:26
Լևոն Շիրինյան. Ռուսական գազի գնի բարձրացումը քաղաքական ճնչում չէ
«Հայաստանը չունի էներգտիկ ռեսուրսներ և շարունակելու է կախված լինել էներգակիրներ արտահանող որևէ երկրից, այս դեպքում կամ Ռուսաստանից կամ Իրանից»,-Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստան առաքվող ռուսական գազի գնի բարձրացմանը և դրա հետևանքները մեղմելու հնարավոր քայլերին, ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Նա նշեց, որ Հայաստանը չի օգտագործում այլընտրանքային էներգետիկայի զարգացման հնարավորությունները, մասնավորապես արևային էներգետիկայի հնարավորությունները:
«Հայաստանում տարեկան 2500 ժամ արևային եղանակ է լինում և պետք է օգտագործել նորագույն տեխնոլոգիաները այդ միջոցով էներգիա ստանալու համար: Տարօրինակ է, որ այս հարցը չի քննվում պետական մակարդակով»,-ասաց բանախոսը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը բարձրացնում է նաև այլ երկրների համար գազի և նավթի գները, քանի որ աշխարհում էներգակիրները բավականին թանկ են և ոչ մի երկիր պարտավոր չէ էժան գներով վաճառել իր բնական հարստությունները:
«Պետք է հստակորեն տրվի այն հարցի պատասխանը, թե ինքանով է գազը գնվում Հայաստանի սահմանին և ինչու է գազը վաճառվում Հայաստանի ներսում այլ գներով»,-նշեց Լ. Շիրինյանը:
Ըստ նրա՝ պետք է զարկ տալ նաև էներգախնայողությանը, նոր տեխնոլոգիաների կիրառման մեխանիզմներին, այսպես, 1974թ.-ին ամբողջ աշխարհում էներգետիկ ճգնաժամ էր, իսկ ԱՄՆ-ը և Եվրոպան այդ ճգնաժամին պատասխանեցին նոր տեխնոլոգիաների կիրառմամբ:
Քաղաքագետը չի կարծում, որ ռուսական կողմը գազի գնի բարձրացումով քաղաքական ճնշում է գործադրում Հայաստանի վրա` խնդիրը պետք է փնտրել տնտեսական դաշտում:
«Կարծում եմ, որ պետք չէ ընկնել հակառուսական հիսթերիայի մեջ, և իմ կարծիքով, մեր ժողովրդի մեջ չեն կարող առաջանալ հակառուսական տրամադրություններ»,-ասաց բանախոսը:
Շիրինյանը հավելեց, որ այլընտրանքային էներգետիկայի զարգացումը և էներգախնայողական տեխնոլոգիաների կիրառումը կարող է մեղմել գազի գնի թանկացման հետ կապված հնարավոր դժվարությունները: