22/05/2013 09:20
Հունիսը ակտիվ է լինելու. Հնարավոր է Սարգսյան-Ալիև հանդիպում
Հունիսը արտաքին աղաքական առումով ակտիվ է լինելու` չի բացառվում, որ 12-ին տեղի ունենա «այդքան սպասված» Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը, ըստ ամենայնի` Զալցբուրգում, չնայած Ուկրաինան, որը նախագահում է ԵԱՀԿ-ում, ցանկանում էր, որ հանդիպումը տեղի ունենար իր մոտ: Թե ներսի, թե դրսի փորձագետներն առանձնապես սպասելիքներ չունեն այդ հանդիպումից, չնայած վերջերս կողմերի վրա ուժեղացած թե ռուսական, թե արևմտյան ճնշումներին: Ըստ փորձագետների` ընդամենը փորձում են բանակցային գործընթացը կենդանի պահել, թույլ չտալ, որ այն վերահսկողությունից դուրս գա` նկատի ունենալով Սիրիայում տեղի ունեցող զարգացումները և Իրանում հունիսի 14-ին սպասվող նախագահական ընտրությունները:
«Հրապարակը» հիշեցնում է, որ նախօրեին ավարտվել է Մամեդյարով-Լավրով հանդիպումը, դրանից առաջ Նալբանդյանն էր Լավրովի «հյուրը», երեկ էլ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար-Նալբանդյան հանդիպումն էր: Հունիսի 23-ին էլ տարածաշրջանում կլինեն ԵԱՀԿ համանախագահները և Կասպրչիկը: Բոլոր այդ հանդիպում-այցերը մեկ նպատակ ունեն` պատրաստել համակարգող երկրների ղեկավարների հունիսին սպասվելիք հանդիպումը: