23/05/2013 09:27
Ռուսաստանը կարող է հարվածել Հայաստանի ամենաթույլ տեղին
«168 Ժամն» անդրադարձել է գազի գնի թանկացմանը, ինչպես նաև ԼՂ հակամարտության մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությանը և եզրակացրել, որ դրանք ունեն քաղաքական պատճառներ` Մաքսային միությանը Հայաստանի չանդամակցելը:
Թերթն այդ համատեքստում է դիտարկել Հայաստանի էներգետիկայի ապագայի թեմայով ԱՄՆ դեսպանատան կազմակերպած համաժողովը, որում հնչեցված ելույթները թերթը համարում է թաքնված ուղերձ այն մասին, որ եթե Հայաստանը մինչև վերջ դիմակայի Մաքսային միությանը չանդամակցելու հարցում, ապա Արևմուտքը դա ֆինանսապես կփոխհատուցի: Մանրամասնելով և մեջբերելով Ս. Լավրովի խոսքերը, թե ԼՂ հարցի ստատուս-քվոն անընդունելի է, ինչը նպաստում է «ադրբեջանական տարածքների վերադարձի չկարգավորվածությանը»` թերթը գրել է. «Ռուսական իշխանությունները զգում են Հայաստանից եկող վտանգը և խաղում են գրեթե ամբողջովին բաց խաղաքարտերով՝ օգտագործելով ճնշման բոլոր գործիքները... ...ռուսները Հայաստանին գրեթե ուղղակիորեն հասկացնում են, որ դիմադրությունը շարունակելու դեպքում կարող է «ռազմավարական հարված» ստանալ ամենաթույլ տեղին՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում»:
Այս առումով թերթը հետաքրքական է համարում ընդդիմության լռությունը և դա պայմանավորում վճռական պահին հուժկու խոսք ասելու և ռուսական շահը պաշտպանելու գործոնով, ինչը, ըստ թերթի, ռուսների պահեստային գործիքն է: