23/05/2013 10:11
Կարկուտից տուժած 46 համայնքների բնակիչները հողահարկ չեն վճարի
Երեկ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանից անմիջապես հետո վարչապետ Տիգրան Սարգսյանն ուղևորվել է Արմավիրի մարզ` տեղում ամփոփելու օրեր առաջ տեղի ունեցած կարկտահարությունից պատճառված վնասներն ու դրանց վերացման ուղղությամբ կառավարության քայլերը։ Ինչպես արդեն հաղորդել ենք վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, գյուղատնտեսության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները, Կենտրոնական բանկի նախագահը։
Ուշ երեկոյան ավարտված խորհրդակցության արդյունքում որոշվել է.
1. Կարկուտից տուժած 46 համայնքների բնակիչները հողահարկ չեն վճարի, իսկ մասնակի տուժած համայնքների դեպքում՝ հողահարկի 50 տոկոսը կվճարի պետությունը։
2. Նույն սկզբունքը կգործի նաև ջրի վարձավճարի դեպքում։
3. Գյուղացիներին տրամադրվելու է սերմնացու, պարարտանյութ և դիզվառելիք։
4. Յուրաքանդյուր գյուղացու նկատմամբ ցուցաբերվելու է անհատական մոտեցում։ Վարկեր վերցրած գյուղացիների վարկերի և դրանց տոկոսադրույքների մարումն ըստ անհրաժեշտության և իրավիճակի սառեցվելու է որոշակի ժամկետով:
5. Գյուղացիների դոլարային վարկերը կփոխարինվեն դրամայինի՝ պետության սուբսիդավորմամբ։
6. Վարչապետի հանձնարարականով մարզի բոլոր գյուղերում կտեղադրվեն հակակարկտային կայաններ և դրանք կղեկավարվեն մեկ կենտրոնից:
7. Վարչապետի հանձնարարականով սոցիալական հատկապես սուր խնդիրներ ունեցող գյուղացիներին կտրվի դրամական միանվագ օգնություն։
Նախորդող հրապարակում՝ Վարչապետը արմավիրցիներին խոստացել է՝ կերկարաձգվեն վարկերի մարման ժամկետները