24/05/2013 14:34
«Ոսկե ծիրան» 10-րդ հոբելյանական կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 7-ից 14-ը
«Ոսկե ծիրան» 10-րդ հոբելյանական կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 7-ից 14-ը: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ փառատոնը իր գոյության ընթացքում դարձել է լուրջ և կայացած միջոցառումներից մեկը, որը ճանաչում են նաև ՀՀ սահմաններից դուրս:
«Առաջինը, ինչ հիշատակում են այլ երկրների նախարարները, «Ոսկե ծիրանն է», ինչը փաստում է, որ այն հեղինակություն ունեցող փառատոններից է»,-ասաց նա:
Այս տարի փառատոնին ներկա կգտնվեն «Փարաջանովյան թալեր» մրցանակին արժանացած հայտնի կինոգործիչներ Ռոդֆրի Ռեջիոն, Յոս Ստելինգը, Քշիշտոֆ Զանուսին:
Փառատոնը այս տարի ստացել է աշխարհի 94 երկրներից 1200 հայտ: Փառատոնի հովանավոր, «ՎիվաՍելլ-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքով` հաջողվել է փառատոնը դարձնել միջազգային անձնագիր:
Փառատոնի մրցութային ծրագրում ժյուրին կգլխավորի հունգարացի հայտնի ռեժիսոր Իշտվար Սաբոն, Վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրին` Սերգեյ Լոզնիցան:
Կիրականացվեն նաև Արամ Խաչատրյանի 110, Ներսես Հովհաննիսյանի` 75 և Արտավազդ Փելեշյանի 75-ամյակին նվիրված ծրագրեր: