24/05/2013 18:40
«Էթիկայի հանձնաժողովը Սամվել Ալեքսանյանի մասով դեռ դիմում չի ստացել»
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը դիմել է ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանավոր հանձնաժողով՝ խնդրելով քննության առնել մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից ընտրական գործընթացներին միջամտելու վարքագծի թույլատրելիությունը և իրավաչափությունը:
Էթիկայի հարցերով ժամանավոր հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ ԹԻ կենտրոնից գուցե արդեն ուղարկել են, սակայն այս պահի դրությամբ ինքը որևէ դիմում չի ստացել:
Թ. Պողոսյանը մանրամասնեց, որ հանձնաժողովն ընդունում է վարույթ այն վայրկյանին, երբ ստանում է դիմում, ապա բաժանում հանձնաժողովի անդամներին:
«Ես այս պահին, սակայն, դիմում չեմ ստացել: Գուցե ուղարկել են, այս օրվա ընթացքում ստանամ, իսկ եթե ոչ` կմնա տոներից հետո»,- ասաց Թևան Պողոսյանը: