25/05/2013 09:17
«Արմավիան» 7 ամիս աշխատավարձերը չի վճարել
Երեկ «Ժողովուրդի» խմբագրություն են զանգահարել «Արմավիա» ավիաընկերության արդեն նախկին աշխատակիցները և վրդովված պատմել, որ ընկերությունն աշխատանքից ազատել է իրենց, բայց նոյեմբերից չի վճարել աշխատավարձերը: Զանգահարողները «Արմավիայի» նախկին օդաչուներ էին, բորտուղեկցողներ և ավիաինժեներներ: Նրանք նշել են, որ գործից ազատվելուց հետո 3 օրում պետք է իրենց աշխատավարձերը վճարեին, բայց օրենքը խախտելով` չեն վճարել: Աշխատակիցները բացահայտել են, որ ընկերությունը գիշերային հաշվումներ է կատարել, հետին թվով` վերահաշվարկ: Իրենք ֆինանսական խախտումների առնչությամբ դիմել են, որպեսզի ընկերության սեփականատերը ֆինանսիստներ ուղարկի, ստուգեն: Բայց Միքայել Բաղդասարովը չի ընդառաջել աշխատակիցներին: Թերթի զրուցակիցները տեղեկացրել են, որ իրենք նամակով դիմել են վարչապետ Տիգրան Սարգսյանին և խնդրել հարցին լուծում գտնել: Ու եթե մի քանի օրվա մեջ իրենց հարցը չլուծվի, պատրաս են մայիսի 29-ին գնալ ՀՀ նախագահի նստավայրի մոտ` իրենց բողոքն արտահայտելու:
«Ժողովուրդը» փորձել է «Արմավիայից» այս հարցի շուրջ պարզաբանումներ ստանալ, բայց ընկերության հասարակայնության հետ կապերի և լրատվության ծառայություններից որևէ հուսադրող բան չեն ասել՝ նշելով, որ «տոներից հետո, երբ ղեկավարությունը կլինի քաղաքում, այդ ժամանակ էլ այդ հարցի մասին մեկնաբանություն կլինի»: Իսկ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը, հարցին, թե ինչպես են արձագանքում «Արմավիայի» աշխատակիցների նամակին, պատասխանել է, որ նամակը ուղարկվել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն: Այս վարչության հասարակայնության հետ կապերի և լրատվության ծառայության ղեկավար Նելլի Չերչինյանն ասել է. «Մենք քիչ առաջ ենք նամակը ստացել և դա ուղարկել ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և ՊԵԿ»:
Այսպիսով, երկար «պասերից» հետո «Ժողովուրդը» պարզել է, թե խաբված քաղաքացիների նամակի պատասխանատուն ով է և խոստանում է մանրամասները ներկայացնել թերթի հաջորդ համարում: