27/05/2013 13:40
Բնական աղետներից տուժածներին օգնելու համար հիմնադրամ է ձևավորվել
Արմավիրի մարզում աննախադեպ կարկուտից տուժել է 12 000 ընտանիք, 46 համայնքի 11 հազար հա տարածք ամայացել է, վնասը գնահատվել է 25 մլրդ դրամ: Ձևավորվել է Բնական աղետներից տուժածների հիմնադրամ, որի նախագահն է ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատգամավորը կոչ արեց պետական, մասնավոր հատվածին, խոշոր հարկատուներին, դիվանագիտական կառույցներին` օգնել կարկուտից տուժած արմավիրցիներին, քանի որ այսօր նրանք հացի խնդիր ունեն:
Նրա խոսքով, այսօր` մայիսի տասներկուսի աննախադեպ կարկուտից օրեր անց, Արմավիրի մարզում ցայտուն երևում են իրական վնասները: Խաղողի այգիները բերք կտան միայն երեք տարի անց, պտղատու այգիները մեկ-երկու տարի անց, իսկ բանջարաբոստանային կուլտուրաների մշակումը դեռևս կարելի է կազմակերպել, սակայն Ա. Պետրոսյանի փոխանցմամբ, աղետից տուժած գյուղացուն քիչ օգնություն է հատկացվում:
ԱԺ պատգամավորը վստահեցրեց, որ ցանկացողները թեժ գծի միջոցով կարող են ստուգել թե հիմնադրամում հավաքված գումարը ինչպես է ծախսվել:
Բանախոսը հավելեց, որ Ոստիկանությունը 11 մլն դրամ է փոխանցել:
Բնական աղետներից տուժած գյուղացիներին օգնության հիմնադրամի հաշվեհամարն է՝
Կոնվերսբանկ ՓԲԸ
հ/հ 1930047127690100 ՀՀ դրամ
հ/հ 1930047127690101 ԱՄՆ դոլար
հ/հ 1930047127690104 ԵՎՐՈ