29/05/2013 13:06
«Գագիկ Ծառուկյանը «Գոլդեն Գլաս» ՍՊԸ-ի հետ որևէ կապ չունի»
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` մայիսի 29-ին, ժամը 01:40-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ դեմքի և ճակատի մասերում հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 մարդ:
Պարզվել է, որ հրազենային վնասվածքներ ստացած անձիք Ավանի 7-րդ փողոցի բնակիչներ, 24-ամյա Արտյոմ Ալեքսանյանն ու 25-ամյա Ռոբերտ Հովսեփյանն են:
«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից Aysor.am-ի թղթակցին հայտնեցին, որ նշված անձինքն իրենց մոտ են, երկուսն էլ ստացել են հրազենային վնասվածքներ, վիճակը գնահատվում է միջին ծանրության, գիտակցության մեջ են:
Ավելի ուշ Ոստիկանության Նոր Նորքի աշխատակիցները բերման են ենթարկել 28-ամյա Գևորգ Հակոբյանին և 25-ամյա Հովիկ Հակոբյանին, ովքեր խոստովանել են, որ իրենք են կրակել:
Հ. Հակոբյանը ներկայացրել է նաև որսորդական հրացանը, որով կրակոցներ էր արձակել վիրավորների ուղությամբ: Ըստ աղբյուրի` Հովիկ Հակոբյանը աշխատում է «Գոլդեն Գլաս» ՍՊԸ-ում՝ որպես կոմերցիոն տնօրեն, իսկ Գևորգ Հակոբյանը՝ «Կլեոպատրա» ՍՊԸ-ում՝ որպես գլխավոր հաշվապահ, ինչպես նաև՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի՝ Երևանի քիմիադեղական գործարանի գլխավոր հաշվապահ:
ԱԺ ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Գ. Հակոբյանն աշխատում է «Կլեոպատրա» ՍՊԸ-ում, սակայն իրենք որևէ կապ չունեն Հովիկ Հակոբյանի հետ:
«Գագիկ Ծառուկյանը ունի բաժնեմաս «Կլեոպատրա» ՍՊԸ-ում, ինչպես նաև՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնում, և Գևորգ Հակոբյանը աշխատում է այնտեղ, սակայն «Գոլդեն Գլաս» ՍՊԸ-ի և Հովիկ Հակոբյանի հետ որևէ առնչություն չկա»,-ասաց նա: