29/05/2013 09:18
Տավուշի և Սյունիքի մարզպետների հնարավոր թեկնածուների անունները հայտնի են
Իշխանական շրջանակներում քննարկվում է մի քանի մարզպետների պաշտոնանկության հարցը: Ըստ «Հայկական ժամանակի» աղբյուրների, այդ հարցը կլուծվի մինչ հունիսի վերջ: Ավելին, իշխանական կուլիսներում արդեն նրանց փոխարինողների անուններ են նշվում: Դեռ նախագահական ընտրություններից հետո նույն շրջանակներում խոսվում էր, որ առնվազն չորս մարզպետներ պաշտոնանկ են արվելու:
Ընտրություններից անմիջապես հետո Շիրակի այլևս նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանը` չսպասելով հետագա խոսակցություններին ու «ռազբորկաներին», ինքը ազատման դիմում գրեց: Դրանից հետո խոսվում էր, որ միանշանակ պաշտոնանկ է արվելու Տավուշի մարզպետը, սև ցուցակում նշվում էին նա Արմավիրի, Արարատի և անգամ Վայոց Ձորի մարզպետների անունները: Այս պահին կայացված ոչ պաշտոնական որոշման համաձայն, հարվածի տակ են միայն երեք մարզպետներ: Խոսքը Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մասին է:
Ըստ թերթի, որպես Տավուշի մարզպետի թեկնածու շրջանառվում է ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանի անունը, Սյունիքի մարզպետի համար` Խաչիկ Ասրյանի անունը, իսկ Կոտայքի մարզի դեպքում դեռ անորոշ է: …«Հայկական Ժամանակի» հետ զրույցում Գագիկ Մելիքյանը ասել է, որ ինքը տեղյակ չէ սպասվելիք նշանակումներից, որ հնարավոր է մերժի առաջարկը: ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, անդրադառնալով մարզպետների փոփոխությունների հարցին, ասել է. «նման քննարկում չունենք դեռ»: