30/05/2013 11:18
19 զինծառայողներով ձորը գլորված բեռնատարի վերաբերյալ գործը կարճվել է
2012թ. նոյեմբերի 1-ին ՀՀ զինված ուժերին պատկանող բեռնատարը Քարվաճառի տարածքում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, որի հետևանքով մահացել էր 4 և վիրավորվել 15 զինծառայող: Մահացել էր նաև բեռնատարի վարորդը` եֆրեյտոր Արթուր Երեմյանը:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հարուցված քրեական գործը կարճվել է: «Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ վթարը տեղի է ունեցել բեռնատարի վարորդի մեղքով և քանի որ նա մահացել է, հարուցված քրեական գործը կարճվել է ՀՀ քր. դատ. օրենասգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ որոշ տվյալների համաձայն` բեռնատարը ճանապարհի երթևեկելի մասից դուրս էր եկել և գլորվել հանդիպակաց ձորը դիմացից ընթացող ավտոմեքենայի լուսարձակման պատճառով:
Նախորդող հրապարակում` Քարվաճառում վթարից զոհված և վիրավորված զինծառայողների անունները
Բեռնատարը գլորվել է ձորը. 4 զինծառայող զոհվել է, կան տուժածներ