30/05/2013 16:56
Ազատամարտիկ. ՊՆ նախարարը կռված տղա է` հասկանում է մեր դարդերը
Ազատամարտիկների խոսքով` այսօր Պաշտպանության նախարարությունում նրանք հանդիպել են ոչ թե պարզապես ՊՆ նախարարին, այլ` իրենց մարտական ընկերոջը: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հանդիպումն անցավ վստահության մթնոլորտում: Նախարարը վերցրեց ազատամարտիկների ներկայացրած գրավոր հարցերը և մի քանի օրվա ընթացքում դրանք կմշակվեն ու կներկայացվեն համապատասխան մարմիններին»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Ազատամարտիկ, ազատամարտիկների հասարակական կազմակերպության նախաձեռնող խմբի անդամ Վոլոդյա Ավետիսյանն Aysor.am-ին ասաց, որ նախարարը հանձնարարականներ է տվել իր մի շարք տեղակալներին, որ ուսումնասիրություններ անցկացնեն համապատասխան ոլորտներում.
«Նախարարը համակարծիք է մեր պահանջներին և այսօր մենք ոչ թե խնդրում, այլ` պահանջում ենք 100 տոկոսով վերանայել ազատամարտիկների ու պահեստազորի սպաների կենսաթոշակային համակարգը: Ասում են, որ ֆինանասական միջոցները սուղ են, բայց դե հարցը լուծել պետք է»,- ասաց ազատամարտիկն ու ավելացրեց.
«Իրականում հարցը կապված չէ Պաշտպանության նախարարի հետ: Մեր պահանջը Կառավարությունից ու սոցիալական ապահովության նախարարությունից է: Սեյրան Օհանյանն ուղղակի որպես ՊՆ նախարար ու կռված տղա հասկանում է մեր դարդերն ու պատրաստ է ամեն բանով օգնել մեզ»,- ասաց Վոլոդյա Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 10-ին ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն իր մի խումբ ընկերների հետ նստացույց էր հայտարարել Երևանի Ազատության հրապարակում` պահանջելով պահեստազորի սպաների ու ազատամարտիկների կենսաթոշակային համակարգի վերանայում: Ավելի ուշ, իր և ընկերների իրավունքները պաշտպանելու համար Վոլոդյա Ավետիսյանը ստեղծել էր հասարակական կազմակերպություն: