30/05/2013 14:08
Ադրբեջանցիները Շուշիի անունից հուշագիր են ստորագրել հունգարական քաղաքի հետ
Օրերս Հունգարիայի Դյոնդյոշ քաղաքի քաղաքապետարանի և Արցախի Շուշի քաղաքը ներկայացնող մի պատվիրակության միջև ստորագրվել է քաղաքների եղբայրության մասին հուշագիր: Այս իրադարձության առանձնահատկությունն այն է, որ Շուշիի անունից հուշագիրը ստորագրել է Բաքվից ուղարկված ադրբեջանական պատվիրակությունը, որն իրեն Շուշիի անունից ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու իրավասություն է վերապահել:
«Շուշի» բարեգործական հիմնադրամի նախագահ Բակուր Կարապետյանն արդեն բաց նամակով դիմել է Դյոնդյոշի քաղաքապետ Լասլո Ֆարագոյին և Հունգարիայի խորհրդարանական կուսակցություններից մեկի ներկայացուցիչ Գաբրո Վոննիին: Այս մասին Բ. Կարապետյանը հայտարարեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Նամակում գրել եմ, որ նրանց կամքն է` ում հետ բարեկամություն հաստատեն, սակայն ադրբեջանական բանակի` հայ սպային կացնահարելու դեպքից հետո տեղի ունեցած հայտնի իրադարձությունները կասկածի տակ են դրել հունգարական իշխանությունների կողմից միջազգային նորմերի նկատմամբ հարգանքն ու Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ձգտումը: Ասել եմ` եթե դուք արդեն ստորագրել և հռչակել եք Շուշիի հետ հունգարական քաղաքի բարեկամության հուշագիրը, ապա առաջարկում ենք բարեկամությունը շարունակել ոչ թե ինքնակոչ մարդկանց, այլ իրական ու մեծ պատմություն ունեցող բերդաքաղաքի, նրա գործադիր իշխանության հետ: Իսկ համագործակցության իմ այս առաջարկի մերժումը կվկայի այն մասին, որ Դյոնդյոշն ու իր իշխանություններն ուղղակի քաղաքական ակցիայի մասնակից են դարձել»,- ասաց Բակուր Կարապետյանն ու ավելացրեց, որ այս քայլը նպատակ ուներ էլ ավելի սրել հայ-ադրբեջանական ու հայ-հունգարական հարաբերությունները: