30/05/2013 13:21
Սուրեն Սուրենյանց. Ղարաբաղյան գործընթացում ճահճացում է նկատվում
«Ակնհայտ է, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում արագ տեղաշարժեր պետք չէ ակնկալել առնվազն մինչև Ադրբեջանի նախագահական ընտրությունների ավարտը»,-Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալվ ղարաբաղյան կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին և ՀԱՊԿ-ի` ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ ընդունված վերջին հայտարարությանը, ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
Նա նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց տարածաշրջանային վերջին այցելության ժամանակ հայտարարեցին, որ իրենք ակնկալում են տարեվերջին Սարգսյան-Ալիև հանդիպում:
«Առաջիկա 5-6 ամիսների ընթացքում ղարաբաղյան գործընթացում մենք հազիվ թե ականատես լինենք արագ զարգացումների»,-ասաց քաղաքագետը:
Ըստ Սուրենյանցի` Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո հնարավոր են որոշակի զարգացումnեր, քանի որ ղարաբաղյան խնդիրը պետք է դիտարկել տարածաշրջանում տեղի ունեցող դինամիկ երևույթների համատեքստում:
«Գրեթե մեկ տարի է, ինչ կարգավորման գործընթացը ճահճացած է` Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո նախագահները չեն հանդիպում, Մինսի խմբի համանախագահները նոր առաջարկություններով հանդես չեն եկել, այսինքն, բոլորն էլ սպասում էին ընտրական գործընթացների ավարտին»,-նշեց բանախոսը:
Անդրադառնալով ՀԱՊԿ-ի կողմից ղարաբաղյան գործընթացի վերաբերյալ ընդունված հայտարարությանը, քաղաքագետը նշեց, որ այդ կազմակերպության հայտարարության մեջ ոչ մի նոր բան նշված չէ և նրանք մեխանիկորեն նշել էին այն 3 սկզբունքները, որոնք անընդհատ շեշտադրվում են նաև Մինսկի խմբի կողմից:
«Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ Ադրբեջանը` ոչ, և եթե այդ կազմակերպությունը անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի խնդրին, ապա պետք է ավելի շատ ելնի իր անդամ-երկրի շահերից: Ինչպես տեսնում ենք ՀԱՊԿ-ը դա չի արել և հանդես է եկել չեզոք, ոչինչ չասող հայտարարությամբ»,-ասաց Ս. Սուրենյանցը:
Նրա կարծիքով՝ Հայաստանը անելիք չունի ՀԱՊԿ-ում և այդ կազմակերպությունում Հայաստանի ներկայությունը արդարացված չէ քաղաքական և այլ առումներով:
«Ես չեմ տեսնում, որևէ քաղաքական դիվիդենտ, որ մենք շահում ենք ՀԱՊԿ-ում լինելով: Կարծես թե մենք տարածաշրջանում դառնում ենք բաժանարար գիծ քաշող, քանի որ Վրաստանը և Ադրբեջանը չեն անդամակցում այդ կազմակերպությանը»,-հավելեց Ս. Սուրենյանցը:
Նշենք, որ ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մայիսի 27-ին Ղրղզստանի մայրաքաղաքում կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ հայտարարություն ընդունեցին։ Հայտարարությունում մասնավորապես նշված է.
«ՀԱՊԿ անդամ երկրները վերահաստատելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ ընդգծում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքների արագ ավարտման կարևորությունը` միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնադրույթների հիման վրա, որոնք, մասնավորապես, վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանն ու ժողովուրդների ինքնորոշմանը»: