03/06/2013 16:34
Կառավարություն. Սուրիկ Խաչատրյանը հրաժարականի դիմում դեռ չի ներկայացրել
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հրաժարականի դիմում դեռ չի ներկայացրել: Այս մասինAysor.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ կառավարության լրատվական բաժնից:
Ս. Խաչատրյանի` հրաժարականի մասին դիմում ներկայացնելու մասին տեղեկատվությունը արդեն մի քանի ժամ է, ինչ շրջանառվում է մամուլում:
ՀՀ դատախազությունից հայտնել են, որ 2013թ. հունիսի 2-ին Ոստիկանության Գորիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` 2013թ. հունիսի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում Գորիս քաղաքի գտնվող, Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանին պատկանող, առանձնատան դիմաց տեղի ունեցած վիճաբանության ընթացքում արձակված կրակոցների հետևանքով Ավետիք Էմիլի Բուդաղյանի մահանալու և ևս 2 անձանց մարմնական հրազենային վնասվածքներ ստանալու փաստի առթիվ:
Նախաքննության ընթացքում պարզված համարելով, որ տեղի ունեցած փոխհրաձգության մասնակիցներից Արտակ Էմիլի Բուդաղյանը հանդիսանում է պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնում ծառայություն իրականացնող անձ, 02.06.2013թ. որոշում է կայացվել քրեական գործն ըստ քննչական ենթակայության ՀՀ ՊՆ քննչական ծառայություն ուղարկելու մասին, նույն օրը գործը վարույթ է ընդունվել ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնում:
ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասով հանցագործություններ կատարելու կասկածանքով 2013 թվականի հունիսի 2-ին և 3-ին ձերբակալվել են Գորիս քաղաքի բնակիչներ` Զարզանդ Արտաշեսի Նիկողոսյանը և Տիգրան Սուրիկի Խաչատրյանը:
Նախորդող հրապարակում` Դատախազություն. Սուրիկ Խաչատրյանի որդին ձերբակալված է
Ձերբակալվել է Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը