04/06/2013 17:40
Ա. Գյուլեր. Ես այդպես էլ չունեցա «ամենաերջանիկ պահը»
Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր բացվել է աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի «Բարև ձեզ» խորագրով ցուցահանդեսը:
«Ես բերել էի իմ 130 լուսանկարները, սակայն նրանից 100-ը կարողացա ներկայացնել, որովհետև բոլորը չտեղավորվեցին ցուցահանդեսում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ա. Գյուլերը:
Նրա խոսքով` ինքը ողջ կյանքում երջանկություն է փնտրել, սակայն չի կարողացել գտնել այն: «Իմ կյանքում ամենաերջանիկ պահ այդպես էլ չեղավ: Երևի երջանկությունը այն է, ինչ տեսնում եմ օբյեկտիվի մեջ»,- ասաց նա:
Ա. Գյուլերը նշեց, որ երբեք չի թաքցրել իր ծագումը և հպարտանում է, որ հայ է, քանի որ «հայ լինելը առավելություն է»:
Նրա հավաստմամբ` իր լուսանկարներում փորձում է ներկայացնել մարդու խառնվածքը, բնավորությունը, որովհետև գեղեցկությունը անցողիկ է:
Նա նաև պատմեց, որ իր կյանքի ընթացքում երկու անգամ է բարձրացել է Արարատի գագաթը և լուսանկարներ արել:
Նա չցանկացավ խոսել քաղաքականությունից և Թուրքիայում կատարված վերջին դեպքերից` նշելով, որ ուզում է, որ բոլոր քաղաքական գործիչները «գրողի ծոցը գնան»:
Նշենք, որ Երևանում նրա ցուցահանդեսը կտևի 3 ամիս:
Արա Գյուլերը ծնվել է Ստամբուլում, հայ ընտանիքում։ Նա հայտնի է «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» մականուններով։
Ա. Գյուլերը 1950թ-ից սկսել է աշխատել «Նոր Ստամբուլ» թերթում` զուգահեռ ուսանելով Ստամբուլի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում, որոշ ժամանակ անց տեղափոխվել է «Հյուրիեթ» թերթի խմբագրություն:
Թղթակցել է ամերիկյան «Լայֆ Թայմ» հանդեսին, ֆրանսիական «Փարիզ Մատչ», գերմանական «Սթերն» և բրիտանական «Սանդի Թայմս» պարբերականներին:
1961թ. գլխավորել է «Հայաթ» թերթի լուսանկարչական բաժինը:
1970-ականներին Ա. Գյուլերը ֆոտոհարցազրույցներ է վերցրել այնպիսի հեղինակավոր դեմքերից, ինչպիսիք են Ուինսթոն Չերչիլը, Մարիա Կալլասը, Ջոն Բերգերը, Բերնարդ Ռասսելը, Սալվադոր Դալին, Պաբլո Պիկասոն, Ինդիրա Գանդին և այլք:
1975թ. նկարահանել է «Հերոսի վերջը» վավերագրական ֆիլմը: Համարվում է Թուրքիայում ֆոտոնկարչության հիմնադիրը:
2000թ. Թուրքիայում անցկացված հարցման համաձայն` նա հազարամյակի 10 մեծագույն թուրքերից մեկն է համարվում (թուրքական օրենսդրության համաձայն` Թուրքիայի բոլոր քաղաքացիները «թուրք» են համարվում):
Պարգևատրվել է ֆրանսիական «Legion d’ honneur», 2005թ.` թուրքական «Grand prize of culture and art», 2009թ.` Նյու Յորքի «Lucie Award» մրցանակներով: 2004թ-ից Ստամբուլի Տեխնիկական համալսարանի պատվավոր դոկտոր է:
Նախորդող հրապարակում` Հունիսի 4-ին կբացվի Արա Գյուլերի «Բարև ձեզ» խորագիրը կրող ցուցահանդեսը