04/06/2013 16:05
Դատախազություն. Զ. Նիկողոսյանն ու Տ. Խաչատրյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում են
2013թ. հունիսի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Գորիս քաղաքում, Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանին պատկանող առանձնատան դիմաց տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Ավետիք Բուդաղյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում երկու անձի՝ Տիգրան Խաչատրյանին և Զարզանդ Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը տեղեկացնում ենք, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա Տ.Խաչատրյանին և Զ.Նիկողոսյանին հունիսի 3-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 112-րդ և 235-րդ հոդվածնիերի 1-ին մասերով, համապատասխանաբար՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու և ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար։
Նույն օրը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Զ.Նիկողոսյանի և Տ.Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը և նրանք տեղափոխվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: