04/06/2013 14:53
ՀՅԴ-ն առաջարկել է «Նաիրիտի» հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծել
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը այսօր հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ` առաջարկելով ստեղծել «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով:
Համապատասխան նամակն արդեն ներկայացվել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:
Որոշման նախագծի մեջ ասված է.
«Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է հանրապետության սոցիալ-տնտեսական կյանքի վրա «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ ունեցած զգալի դերակատարությամբ, ինչպես նաև գործարանի պարապուրդի կամ տևական ժամանակ անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու հանգամանքների ու ընկերության մասնավորեցման և ստանձնած վարկային պարտավորությունների վերաբերյալ մամուլում հանրային լուրջ հնչեղություն ունեցող հրապարակումներն ուսումնասիրելու և ընկերության վերագործարկման ուղղությամբ իրականացման ենթակա առաջարկությունների մշակման անհրաժեշտությամբ»: