04/06/2013 17:29
Թուրքագետ. Թուրքիայի հայ համայնքի ակտիվ հատվածը հարում է ձախ շարժումներին
Թուրքիան խիստ անկանխատեսելի հասարակությամբ պետություն է և այստեղ ամեն փոքր երևույթից կարող են ի հայտ գալ նոր շարժումներ, հետևաբար չի բացառվում, որ բնապահպանական շարժումը կվերածվի քաղաքականի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
«Չմոռանանք, որ օրինակ Թունիսում ամեն բան սկսվեց կանաչի վաճառողի սպանությունից: Չեմ կարող ասել կլինի Թուրքական գարուն, թե` ոչ, բայց ոչինչ բացառել չի կարելի»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:
Թուրքագետի կարծիքով, հարևան հանրապետությունում այսօր ներթուրքական պայքար է սկսվել` ավելի փափուկ դիրքորոշում որդեգրած նախագահ Աբդուլա Գյուլի և կոշտ դիրքորոշումով հանդես եկող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև:
Ինչ վերաբերում է Թուրքիայի հայ համայնքի մասնակցությանը տեղի ունեցող իրադարձություններին, Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ մի հատված ակտիվ մասնակցում է դրանց.
«Հայ համայնքը, բնականաբար, չէր կարող անմասն մնալ տեղի ունեցող իրադարձություններից: Եվ այսօր դրա մի առավել ակտիվ հատվածը հարում է ձախ շարժումներին»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը: