05/06/2013 18:57
Գնդապետի գործով Սյունիքի մարզպետն անցնում է որպես վկա
Սյունիքի մարզպետի առանձնատանը տեղի ունեցած սպանության գործի մանրամասները ներկայացնելիս, այսօր զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը նկատեց. անկախ գործում ներգրվված պաշտոնյաների դիրքից, քննչական խումբը չի ենթարկվել ու չի ենթարկվի որևէ քաղաքական ճնման:
Զինդատախազության քննչական խումբն արդեն առգրավվել է անվտանգության տեսախցիկները, որոնք հստակ պատկերացում են տալիս, թե ինչ է կատարվել հունիսի երկուսի կեսգիշերին: Ըստ Գևորգ Կոստանյանի, հարձակում է եղել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան ուղղությամբ:
Կեսգիշերային փոխհրաձգության մասնակիցները չորս են ` մարզպետին որդին ու թիկնապահը և Բուդաղյան եղբայրները: Ավետիք Բուդաղյանը սպանվել է, եղբայրը գտնվում է հիվանդանոցում: Մարզպետի թիկնապահն ու որդին կալանավորված են` սպանության ու ապօրինի զենք կրելու, կասկածանքով:
Գևորգ Կոստանյանը չասաց, թե երբ կավարտվի նախաքննությունը: Այժմ գործը գտնվում է ուսումնասիրության, վկաների ու կասկածյալների հարցաքննության, իրեղեն ապացույցների ձեռքբերման և ուսումնասիրման փուլում: Միջադեպի տեսագրությունն այժմ ուսումնասիրում են փորձագետները: Թե ի՞նչ է այն արձանագրել` դեռ չեն կարող հրապարակել, սակայն, ըստ Գևորգ Կոստանյանի, փոխհրաձգության տեսագրությունում չկա Սյունիքի մարզպետը:
Այս գործով Սյունիքի մարզպետն անցնում է որպես վկա: Ինչ վերաբերում է Սյունիքի մարզպետի որդուն, ապա նա հայտարարել է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, թեև, ըստ Գևորգ Կոստանյանի, դա նախաքննության տեսնակյունից ոչինչ չի փոխում:
Նախաքննական մարմինը դեռ չի հարցաքննել Արտակ Բուդաղյանին: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրա վիճակը կայուն ծանր է:
Զինվորական հոսպիտալի տնօրենի խոսքով` 2-3 օրից Արտակ Բուդաղյանը կտեղափոխվի ընդհանուր բաժանմունք: Հաշվի առնելով Արտակի առողջական վիճակը` նրան դեռ չեն տեղեկացրել եղբոր մահվան մասին: Երբ սկսվի ապաքինումը, նրան կտեղեկացնեն, հետո արդեն կհարցաքննեն: Այս մասին հաղորդում է «Արմնյուզ» հեռուստաընկերությունը: