05/06/2013 09:09
ԱԺ հատուկ նիստից բացակայած պատգամավորների աշխատավարձից պահումներ են արվել
Երեկ «Հայկական ժամանակի» թղթակցին հայտնի է դարձել, որ ապրիլի 9-ին Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Ազգային ժողովի հատուկ նիստին չմասնակցելու համար խորհրդարանի ղեկավարությունը պահել է պատգամավորների աշխատավարձերից: Այդ մասին պատգամավորներն իմացել են աշխատավարձը ստանալու պահին: Իսկ ապրիլի 9-ին ԱԺ հատուկ նիստում տեղի էր ունենում Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը:
Երեկ ԱԺ-ից թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել են, որ աշխատավարձերի պահում է եղել և դա բացատրել են ապրիլի 9-ի նիստի բացակայությամբ: Թղթակցի գրավոր հարցմանը, թե այդ նույն պատճառաբանությամբ քանի պատգամավորի աշխատավարձից է պահվել, որքան գումար է պահվել, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը խոստացել է պատասխանել այսօր: