07/06/2013 09:24
Սփյուռքում գործող «Ռենեսանս Արմենիան» կտրում է Հրանուշի ու ՀՅԴ «հացը»
Մի քանի ամիս է, ինչ սփյուռքում գործում է «Ռենեսանս Արմենիա» համահայկական կառույցը, որի ստեղծման ջատագովներից է Նախախորհրդարանի ներկայացուցիչ, Շուշիի հերոս Ժիրայր Սեֆիլյանը: Կառույցը փորձում է նորովի համակարգել աշխատանքը սփյուռքի հետ, նոր բջիջներ ստեղծել այնտեղ` խլելով թե Հրանուշ Հակոբյանի, թե Դաշնակցության «հացը»:
«Հրապարակի» տեղեկություններով, ՀՅԴ-ին և ընկեր Հրանտին այդ «քայլն» ամենևին էլ դուր չի եկել: Իսկ Հրանուշ Հակոբյանի և նրա կառույցի առումով «Ռենեսանս Արմենիան» ուղղակի «արտաքին» մեծ վտանգ է ներկայացնում, որովհետև Սերժ Սարգսյանի արտասահմանյան այցերի, հայ համայնքի հետ հանդիպումների ժամանակ կառույցի ներկայացուցիչներն անպայման ներկա պետք է լինեն ու հնչեցնեն սուր հարցեր, բարձրաձայնեն իրենց մտահոգությունները հայաստանյան ներքաղաքական և արտաքաղաքական հարցերի շուրջ, հայտնեն իրենց տեսակետը, ասել է թե՝ միտինգ անեն իրենք ներսում, կառույցի մյուս մասնակիցները` դրսում: Գործո՞ւմ է նման կառույց այլևս սփյուռքում, ժամանակ առաջ հարցրինք Ժիրայր Սեֆիլյանին, պատասխանեց` այո, արդեն մի քանի ամիս է, ինչ ձևավորում ենք այդ կառույցը: «Ի՞նչ սկզբունքներով և ինչի՞ համար» հարցին նա խոստացավ առժամանակ հետո ավելի մանրամասն պատասխանել: Տևական ժամանակ է, ինչ փորձում ենք խոսել նրա հետ. մեր զանգերն անպատասխան են մնում: