07/06/2013 14:49
Հայրիկյանի գործով մեղադրյալ. Սեդրակյանի դեմ սուտ ցուցմունք ենք տվել
Այսօր տեղի է ունենում նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի գործով հերթական դատը: Սեդրակյանի դատապաշտպան Ալեքսանդր Սիրունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վկա, տաքսու վարորդ Կարեն Զաքարյանը, ով իբր Խաչիկ Պողոսյանին, իբր կրակելուց հետո տարել է Քանաքեռ, ցուցմունք է տվել, որ Խաչիկին չի հիշում: Վկայի խոսքերով՝ Խաչիկի լուսանկարը իրեն ներկայացրել են հարցաքննության ժամանակ և ասել, որ նման ցուցմունք տա»:
Րոպեներ առաջ Սիրունյանը ևս մի գրառում է արել, որի համաձայն` մեղադրյալ Սամվել Հարությունյանը դատարանում հայտարարել է` Սեդրակյանը Հայրիկյանի դեպքի հետ կապ չունի.
«Մեղադրյալ Սամվել Հարությունյանն դատարանում, հենց նոր արեց հայտարարություն այն մասին, որ Վարդան Սեդրակյանը Հայրիկյանի դեպքի հետ կապ չունի: Նրանք նրա դեմ սուտ ցուցմունք են տվել, որի պատճառները մանրամասն կներկայացնեն»:
Ս. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իր ընկերոջ` Խաչատուր Պողոսյանի հետ, Հայաստանի Հանրապետության Նախագահի` 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանից 2013թ. հունվարի սկզբներին ստանալով պատվեր` «Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ Նախագահի մեկ այլ թեկնածու, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի սպանությունն իրագործելու վերաբերյալ, նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով, տվել են իրենց համաձայնությունը և զենք ձեռք բերելու համար Վարդան Սեդրակյանից ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար: