10/06/2013 17:17
ՀՅԴ պատգամավոր. Մարդկանց ձեռքը թող փող չլինի, որ գնաճ չլինի
«Կարող եք ամուր բանկային համակարգ ունենալ, որը թույլ չի տա ռիսկի ներթափանցում, բայց դրա արդյունքում կորցնում եք տնտեսությունը»,- Ազգային ժողովում ԿԲ-ի 2013-ի դրամավարկային ծրագրի քննարկման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Կառավարությունն ու Կենտրոնական բանկը, պատգամավորի խոսքով, պատկերացում չունեն, թե ինչ է կատարվում երկրի տնտեսությունում. «Խոսում եք կայուն բանկային համակարգի մասին, տանկն էլ է ամուր զրահատեխնիկա, բայց տանկով չես կարող վար անել բոստանում»:
«Բանկային համակարգը խեղդել է ֆինանսական համակարգի մյուս ճյուղերը, արդյունքում չունենք կապիտալի, ապահովագրական շուկաներ»,- ասաց նա՝ նշելով, որ անհնար է իրար ինտեգրել երկու համակարգեր, որոնք ունեն տարբեր մակարդակներ:
«Ի՞նչ է անում կառավարությունը՝ որպես հարկաբյուջետային քաղաքականության օրգան, որը պետք է ապահովի տնտեսության համընթաց զարգացումը: Կառավարությունն ասում է` ես համաձայն եմ Կենտրոնական բանկի հետ, իսկ ի՞նչ է անում Կենտրոնական բանկը՝ վերցնում է, կրճատում փողի քանակը, ասում է մարդկանց ձեռքը թող փող չլինի, որ գնաճ չլինի»,- ասաց Ա. Մինասյանը: