10/06/2013 16:15
Հայաստանի հավաքականը ժամանեց Դանիա
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը չարտերային ուղիղ չվերթով ժամանեց Դանիայի մայրաքաղաք Կոպենհագեն:
Վաղը, հունիսի 11-ին Դանիայում կանցկացվի աշխարհի 2014 թ. գավաթի ընտրական մրցաշարի հերթական հանդիպումը Դանիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև:
Ինչպես Կոպենհագենից ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է ՀՖՖ մամուլի քարտուղարը, Հայաստանի ազգային հավաքականի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել: Մեր ֆուտբոլային ընտրանին հանգրվանել է «Հիլթոն Կոպենհագեն Էյրփորտ» հյուրանոցում, որը Կոպենհագենի օդանավակայանի մերձակայքում է:
Այսօր երեկոյան, Երևանի ժամանակով ժամը 21:00-ին, Հայաստանի ազգային ընտրանին նախախաղային մարզում կանցկացնի Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում, որտեղ տեղի է ունենալու հանդիպումը: Մեր հավաքականի մարզման առաջին 15 րոպեն «բաց» կլինի ԶԼՄ-ի ներկայացուցիչների համար:
Մարզումից առաջ, Երևանի ժամանակով ժամը 20:30-ին, կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդանի Մինասյանի մամուլի ասուլիսը:
Հիշեցնենք, որ Հայաստան-Դանիա հանդիպումը կայանալու է հունիսի 11-ին, Երևանի ժամանակով ժամը 22:15-ին, Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում: